Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԼՂՀ են այցելել Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորներ

ԼՂՀ են այցելել Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորներ
12.04.2016 | 12:31

Ապրիլի 11-ին Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլիին և Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինին Արցախ կատարած այցի ընթացքում ուղեկցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը և Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Եվրոպացի պատգամավորներին ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:
Աշոտ Ղուլյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Հունաստանի և Լատվիայի խորհրդարանականների այցն Արցախ հենց այս օրերին՝ ընդգծելով, որ նրանք առաջին օտարերկրացի խորհրդարանականներն են, ովքեր ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողություններից հետո այցելում են Արցախ:
Անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին՝ Արցախի խորհրդարանի ղեկավարը նշել է. «Ապրիլի 2-5-ին Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ ագրեսիան որևէ կերպ չի փոխել մեր դիրքորոշումը, հակառակը, ավելի է հաստատել անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետությունն ամրապնդելու մեր նպատակը»:
ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը նշել է, որ այս կարճատև պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց Արցախի ժողովրդի և ողջ հայության հաստատակամությունը՝ պաշտպանելու արցախցիների՝ հանուն ազատության և անկախության մղվող արդար պայքարը:
Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին, իրենց այցը որակելով որպես խորհրդարանականի պարտականություն, ապրիլի սկզբին տեղի ունեցածը համարել է ճգնաժամ ոչ միայն մարդու իրավունքների բնագավառում, այլև աշխարհում: Նա իր խոսքում նշել է, որ իրենք կանեն հնարավորը, որպեսզի ուրիշի շահերի համար այլևս կյանքեր չզոհաբերվեն:
Լատվիայի Սաեյմայի պատգամավոր Սերգեյ Պոտապկինն իր խոսքում կարևորել է այն հանգամանքը, որ Արցախի ժողովուրդը միայնակ չէ և Եվրոպայում ունի համախոհներ. իրենք եկել են Արցախ՝ անձամբ տեսնելու իրողությունը, շփվելու քաղաքացիների հետ և վստահեցնելու, որ աջակցում են Լեռնային Ղարաբաղին: Խորհրդարանականը վստահեցրել է, որ իրենք կանեն հնարավորը՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
Մտքերի փոխանակման ընթացքում ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը եվրոպացի խորհրդարանականներին ներկայացրել է արցախյան ազատագրական պայքարի պատմությունը և պատասխանել նրանց հարցերին՝ կապված ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլիի և Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ ապրիլի 11-ին հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը և պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպման ընթացքում արծարծվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել տարբեր երկրների, նրանց քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների աջակցությունը խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և ագրեսիայի դատապարտմանը՝ դա համարելով սկզբունքայնության և մարդասիրության դրսևորում:
ԼՂՀ Նախագահը միաժամանակ նշել է, որ միջազգային հանրությունը պետք է կոշտ և հասցեական գնահատական տա Ադրբեջանի ռազմատենչ ու ապակառուցողական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ դրա առկայությունը և համարժեքությունը կարևոր դերակատարություն ունեն ագրեսիայի զսպման գործում:

Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ